Ասում են, յուրաքանչյուր մարդ ծնվելուց առաջ է ստանում իր անունը և հենց նրանով առաքվում Երկիր: Ասում են նաև, որ անունը երկնքում կոդավորված հնչյունների մի փոքրիկ շղթա է, որն իր մեջ ամփոփում է ծնվողի էությունը: Ներկա դեպքում ամեն ինչ համընկնում և ներդաշնակվում է մարդկային արարչագործության վերերկրային գաղտնիքներին, և այդ մասին վկայողը դու ես, Արևշատ` անունով և էությամբ:
«Իմ ծննդից առաջ հավանաբար ինձ աշխարհ բերող ջրերը կային, օդը պատրաստ էր իմ թոքերի մեջ լցվելու համար, և ուղեղիս մաքուր ծալքերին Արարիչն ինքը երևի կենաց երգի բառեր է գրել»,- վկայում ես դու: Այսինքն, ամեն ինչ պատրաստ էր, մնում էր անունը: Ահա և այն` Արևշատ: Քո անունը տալիս Արարիչը մտածել է երկնքի տակ` երկրի վրա գտնվողներիս մասին: Շատ արև տար, ասել է, արևի շատ սերմեր, և ցանիր դրանք Երկրի վրա` «հավերժության անմեկնելի գաղտնիքների հողում»:
Եկար և ցանեցիր: Այս հողում ցանած քո արևային սերմերը հոգևոր այնպիսի պտուղներ տվեցին, որոնց մեջ միախառնված էին ներքինն ու արտաքինը, իրականն ու անիրականը, կենդանին ու անկենդանը, չափն ու անչափը, անձնականն ու անանձնականը: Խոսք խոսքի, գիրք գրքի, նկար նկարի հետևից ահա դու բացում ես այդ ամենի շուրջը պտտվող գաղտնիքները:
Ապշեցուցիչ ազդեցիկ է ապրող և մեռնող բառերի գաղտնիքը: Բառի ու խոսքի նկատմամբ անհրաժեշտ ուշադրության կարևորումը, որի մասին հայ ու համաշխարհային մեծերի մեծաքանակ աշխատություններ են գրվել, համեստորեն լռում են, երբ կարդում ենք քո ընդամենը հետևյալ մի տողը. «Քանի դեռ բառարաններում ապրող բառերը խոսքի մեջ չեն մեռել, ապրեցնող շունչ ունեն, համ ու հոտ և ներգործելու մեծ ուժ»: Իսկապես, արարման ուժ ունեցող բառերը, Աստված մի արասցե, կարող են մեռնել խոսքի մեջ: Զգույշ ու զգուշավոր լինենք բառերի հետ, զգուշավոր` գույնի, զգուշավոր` պատկերի հետ: Չէ՞ որ դրանք բոլորը խորհուրդ ունեցող նշաններ են:
Ահա քո պատկերած Երկիր մոլորակը` նախշազարդ սկուտեղին դրված կլոր մի միրգ, որ կարող է աճել, հասնել, սպառվելով կրկին սաղմնավորվել ու զարգանալ գարնանը: «Մրգահաս» կոչվող այս պատկերում կյանքի արարման ու արարվածի խորհրդանշաններն են` ծաղկազարդ, աստղաձև, խաչաձև, ձկնակերպ կամ եռանկյուն նշաններ, այն ամենը, ինչը մարդն ստանում է Տիեզերքից և կրկին վերադարձնում Տիեզերքին: Այսինքն` այստեղ Արարչության շնչառությունն է, սիրտն ու հոգին, ասել է թե` սրտխփոցը: Հենց այդ` «Մրգահաս» կոչվող պատկերով է բացվում քո գիրքը, որի «Տիեզերքի սրտխփոց» անունը քո մեջ հավանաբար ձևավորվել է նրա ծննդից դեռ շատ առաջ: Ձևավորվել է որպես կենդանի սրտխփոց մինչև այն օրը, երբ սրտագրության էլեկտրոնային պատկերը շարվել է ճերմակ թղթին: Այսօր ահա այն ընթերցելու, իրար մեկնելու և մեկնաբանելու օրն է, որը մարդ ու տիեզերք ճանաչողության հաճելի պահեր է պարգևում մեզ:
Իր գաղտնիքները վերծանողի կարոտով տառապող Տիեզերքի սրտխփոցն էլեկտրական ու մագնիսական ալիքների միջոցով արձանագրելով սեփական մտքի ու հոգու ժապավենին, ապա տեղափոխելով ճերմակ թղթին, ահա մեզ է նվիրել մեր շնորհաշատ ընկերն ու բարեկամը, գրողն ու մտածողը: Հպարտ ենք, որ նույն այդ սրտխփոցի միջով անցնում է հայի տեսակը, հայի էությունը:
«Եկել եմ իմ նախնիների աստղածին մանկությունից»,- ասում է մտածող գրողը, չմոռանալով հավելել նաև, որ եկել է «արարման իմաստը իր անվան մեջ կրող ազգի երակներից, որպես Արարչական հոգու ու սիրո հայեցի պտուղը»:
Ես կասեի` ահա Ծիր կաթինից իջած հայոց Փոքրիկ Իշխանը, սակայն մի տարբերությամբ, որով նա համարում է, որ բոլորս այստեղ աստղորդիներ ենք:
Հաճելի զգացում է. լինել աստղորդիների շարքում և արևի ընկերակցությամբ: Արև, որի համար Արարիչը չափ չի սահմանել: Եվ, քանի որ արևին չափ չկա ու Արևշատ է, ուրեմն նա, իսկապես, մայրամուտ չի ունենալու:
Իսկ նորածին գիրքը մի նոր զրնգոց է Տիեզերքում և մի նոր սերմի ծլարձակում` հողին: Բարի պտղաբերում այս նոր սերմին:
Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ